ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Գլխավոր դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել. 1 անշարժ և 1 շարժական գույքերն ու շուրջ 29 մլն դրամը վերադարձվել են Հայաստանի Հանրապետությանը

18/10/2023

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում 2020 թվականի հոկտեմբերի 9-ին սկսվել էր ուսումնասիրություն՝ Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանին պատկանող գույքի առնչությամբ:

 

Ուսումնասիրության հիմքը նախաձեռնված քրեական վարույթն էր, որով Արմեն Հարությունյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ)։

 

Գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրության արդյունքում 2023 թվականի մարտի 14-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով հայցադիմում։

        

2023 թվականի հոկտեմբերի 13-ին Գլխավոր դատախազություն էր ստացվել Արմեն Հարությունյանի և նրան փոխկապակցված անձանց կողմից հայցապահանջն ընդունելու և գործի քննությունը հաշտությամբ ավարտելու վերաբերյալ դիմում: Արմեն Հարությունյանը և նրան փոխկապակցված անձինք պատրաստակամություն էին հայտնել Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով փոխանցել 1 միավոր անշարժ և 1 միավոր շարժական գույք՝ ընդհանուր 16 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով, ինչպես նաև՝ 28 մլն 700 հազար դրամ։

        

Դիմումի հիման վրա՝ Գլխավոր դատախազության և դիմում ներկայացրած անձանց միջև 2023 թվականի հոկտեմբերի 13-ին կնքվել էր հաշտության համաձայնություն, որը հոկտեմբերի 16-ին ներկայացվել էր Հակակոռուպցիոն դատարան՝ օրենքով սահմանված կարգով հաստատելու նպատակով։

       

2023 թվականի հոկտեմբերի 18-ին Հակակոռուպցիոն դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը։