ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Բանակային կորպուսի, զորամասի, վաշտի հրամանատարները միջոցներ չեն ձեռնարկել կանխելու հակառակորդի առաջխաղացումը ՀՀ ինքնիշխան տարածք. դատախազը նոր հանրային քրեական հետապնդումներ է հարուցել

10/10/2023

Վ.Գ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը, 2021 թվականի նոյեմբերի 14-ին՝ ժամը 08:30-ին, զորամասի հրամանատար Ա.Մ.-ին թույլատրել է ներկայանալ հակառակորդի հետ նախատեսված բանակցություններին: Այնուհետև, Ա.Մ.-ից ստացել է զեկույց, որ հակառակորդը ճանապարհը բացելու վերաբերյալ կոնկրետ պատասխանի է սպասում, որից հետո անձնակազմին տվել է մարտական հերթապահության պարտականությունների կատարումից շեղող հրաման:

 

Տվյալ բնագծում մարտական հերթապահություն իրականացնող ՊՆ N զորամասի հրամանատար Ա.Մ.-ն բանակցությունները դադարեցնելու և հակառակորդի առաջխաղացումը մարտ վարելով կանխելու վերաբերյալ ժամանակին հրաման արձակելու փոխարեն՝ բանակցություններին ներկայացած հակառակորդի մյուս սպաների հետ շտապել է ՀՀ ՊՆ N զորամասի համահավաք վաշտի զինծառայողների կողմից զբաղեցված բնագիծ և բավարարվել միայն իր տեղակալ Գ.Ի.-ի կողմից նշված վաշտի զինծառայողներին՝ «Մարտական դիրք» կեցվածք ընդունելու, նախազգուշական կրակ բացելու և հակառակորդի առաջխաղացումը կանգնեցնելու ու ՀՀ տարածք ներթափանցումը չթույլատրելու վերաբերյալ հրամանով, ինչի արդյունքում անձնակազմի հետ միասին հայտնվել է շրջափակման մեջ:

 

Համահավաք ստորաբաժանման վաշտի հրամանատարներ Մ.Փ.-ն և Ա.Թ.-ն, Գ.Ի.-ի հրամանով գործելու փոխարեն, տրվել են հակառակորդի հոգեբանական ճնշմանը և, առանց դիմադրության ու վերադասի թույլտվության, թողել զբաղեցրած բնագիծը՝ զորամասի հրամանատարի հետ ընկնելով շրջափակման մեջ:

 

Արդյունքում հակառակորդն առանց դիմադրության ներխուժել է Հայաստանի ինքնաշխան տարածք և վերահսկողության տակ վերցրել մի շարք մարտական դիրքեր:

 

Դատախազի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 6-ին որոշում է կայացվել Վ.Գ.-ի, Ա.Մ.-ի, Մ.Փ.-ի և Ա.Թ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումները փոփոխելու և նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգքրի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը):

 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: