ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Գլխավոր դատախազությունում գործող Աշխատանքային խումբն ամփոփել է աշխատանքների արդյունքները

17/09/2023

Գլխավոր դատախազությունում գործող Աշխատանքային խումբն ամփոփել է Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրությունների քվեարկության օրը՝ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում կատարված առերևույթ ընտրական հանցանքների վերաբերյալ ստացված ահազանգերի, հաղորդումների, մշտադիտարկման միջոցով առանձնացված ԶԼՄ հրապարակումների քննարկման և դրանց ընթացքավորման աշխատանքների արդյունքները:

 

Նշված ժամանակահատվածում,  մասնավորապես, ընթացք է տրվել ստացված և նախնական ուսումնասիրության ենթարկված ընդհանուր 22 հաղորդման և ահազանգի, որոնցից՝ 7-ը եղել է մամուլի հրապարակում, 2-ը՝ սոցիալական ցանցերում կատարված գրառում, 4-ը՝ դիտորդական առաքելության, 4-ը՝ ֆիզիկական անձանց, 2-ը՝ ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահի, իսկ 3-ը՝ ոստիկանության աշխատակցի կողմից ներկայացված հաղորդումներ:

 

Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ ընդհանուր 22 հաղորդումներից 13-ը, որոնք բնույթով եղել են վերացական և ընդհանրական, ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով: 

 

Դրանցից՝

 

  • 6-ը վերաբերում են հավաքին մասնակցելուն հարկադրելուն,
  • 6-ը` ընտրողների ցուցակները կազմելու, դրանք քաղաքացիներին կամ կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելուն,
  • 1-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն:

Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ ընդհանուր 22 հաղորդումներից 9-ն ուղարկվել են Քննչական կոմիտեի և Հակակոռուպցիոն կոմիտեի իրավասու ստորաբաժանումներ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով: 

 

Դրանցից՝

 

  • 1 հաղորդում վերաբերել է քարոզչություն կատարելուն խոչընդոտելուն: Նշված հաղորդման կապակցությամբ, գույքը ոչնչացնելու կամ վնասելու դեպքի առթիվ` Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
  • 2 հաղորդում վերաբերել է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն: Նշված հաղորդումներից 1-ով քրեական վարույթ չի նախաձեռնվել:
  • 1-ը՝ քարոզչություն կատարելուն խոչընդոտելուն: Նշված հաղորդման կապակցությամբ վարույթ չի նախաձեռնվել:
  • 1 հաղորդում վերաբերել է բարեգործության արգելքը խախտելուն:
  • 2 հաղորդում վերաբերել է ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն:
  • 1 հաղորդում վերաբերել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն:
  • 1 հաղորդում վերաբերել է այլ իրավախախտման:

Այսպիսով, ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդումներից 3-ի հիման վրա քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն չի կազմվել, իսկ 1 հաղորդման հիման վրա այսօր արդեն իսկ նախաձեռնվել է քրեական 1 վարույթ:

 

Նախաձեռնված քրեական վարույթով իրականացվում է նախաքննություն, քննության առարկա դարձած հանցավոր արարքների, քննությունների արդյունքների, դրանցով իրավապահ մարմինների կատարած բացահայտումների և քրեական հետապնդումների մասին հետագայում կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն:

 

Գլխավոր դատախազությունն առաջիկայում կներկայացնի նաև ընտրական գործընթացի ամբողջ ընթացքում ստացված հաղորդումների, ահազանգերի հիման վրա կատարված աշխատանքի արդյունքները: