Նորություններ
30/06/2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառմանը և Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ կազմակերպվող խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Գիորգի Գոգաձեին:
ՀՀ գլխավոր դատախազությունը 1999 թվականի մայիսի 17-ից անդամակցում է Դատախազների միջազգային ասոցիացիային:
Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Ասոցիացիայի փոխնախագահին հրավերն ընդունելու համար և կարևորել Ասոցիացիայի դերն ու առաքելութունը հանցավորության դեմ պայքարում առկա խնդիրները համատեղ ջանքերով լուծելու առումով:
«Առավելապես կարևորում ենք Ասոցիացիայի կողմից անցկացված տարեկան համաժողովները, որին ՀՀ դատախազությունն ապահովում է իր ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազը և հատկանշական համարել Ասոցիացիայի կողմից հրատարակվող ամենամյա պարբերականը, որում ներառվում են հանցավորության դեմ պայքարում տարբեր երկրների դատախազությունների փորձի վերաբերյալ տեղեկություններ:
Աննա Վարդապետյանը կարևորել է նաև կայանալիք համաժողովին Ասոցիացիայի փոխնախագահի ներկայությունը և ընդգծել հանցավորության դեմ պայքարի համընդհանուր գերնպատակի իրականացման ուղղությամբ ջանքերի միավորման անհրաժեշտությունը: