ՀՀ գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, 6 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել գլխավոր դատախազ։
Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում կարող է նշանակվել երեսուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն յոթ տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը:
Դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, կայազորների զինվորական դատախազներին, գլխավոր դատախազության վարչությունների պետերին պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը՝ դատախազների առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանցից, եթե որակավորման հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս այդ անձին համապատասխան պաշտոնում նշանակելու համար: Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը գլխավոր դատախազի կողմից հանվում է դատախազների առաջխաղացման ցուցակից:
Գլխավոր դատախազության ավագ դատախազներին, գլխավոր դատախազության բաժինների պետերին, գլխավոր դատախազության վարչությունների պետերի տեղակալներին, դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների և կայազորների զինվորական դատախազների տեղակալներին, զինվորական դատախազի տեղակալներին, գլխավոր դատախազության վարչությունների և բաժինների կազմում գործող ավագ դատախազներին, դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների և կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազներին, զինվորական կենտրոնական դատախազության բաժինների պետերին, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազներին, զինվորական կենտրոնական դատախազության բաժինների կազմում գործող ավագ դատախազներին պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը՝ դատախազների առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանցից: Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը գլխավոր դատախազի կողմից հանվում է դատախազների առաջխաղացման ցուցակից:
Գլխավոր դատախազության դատախազներին, գլխավոր դատախազության վարչությունների և բաժինների կազմում գործող դատախազներին, դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների և կայազորների զինվորական դատախազությունների դատախազներին, զինվորական կենտրոնական դատախազության դատախազներին, զինվորական կենտրոնական դատախազության բաժինների կազմում գործող դատախազներին նշանակում գլխավոր դատախազը՝ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանցից: Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը գլխավոր դատախազի կողմից հանվում է դատախազների թեկնածությունների ցուցակից:
Դատախազներին ներկայացվող ընդհանուր պահանջներն են՝
Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.
տիրապետում է գրական հայերենին:
Դատախազությունում պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը՝
ով դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
ով դատապարտվել է հանցագործության համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.
ով ունի դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն (ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը).
ով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ այն անձանց, ովքեր ազատվել են նման ծառայությունից օրենքով նախատեսված կարգով ու հիմքով.
ում նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով:
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար բաց (այսուհետ՝ բաց մրցույթ) և փակ (այսուհետ՝ փակ մրցույթ) մրցույթների (այսուհետ՝ մրցույթ) կազմակերպման ու անցկացման աշխատանքները:
2. Մրցույթով երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար դատախազի պաշտոն զբաղեցնելու հավասարությունը և մատչելիությունը՝ իրենց մասնագիտական գիտելիքներին ու աշխատանքային ունակություններին համապատասխան` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
3. Մրցույթն անցկացվում է «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ՝ օրենք), սույն կարգին և այլ իրավա¬կան ակտերին համապատասխան:
4. Մրցույթն անցկացնում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին (այսուհետ՝ գլխավոր դատախազ) առընթեր որակավորման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):
II. ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
5. Բաց մրցույթի հայտարարությունը հրապարակում է հանձնաժողովը՝ բաց մրցույթն անցկացնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ Հայաստանի Հանրապետության դատախազության (այսուհետ՝ դատախազություն) կայքէջում և առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլում:
6. Հայտարարությունը պետք է պարունակի հետևյալ տվյալները`
1) համապատասխան մարմնի անվանումը.
2) դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու համար անհրաժեշտ կրթական, մասնագիտական, աշխատանքային փորձառությանը, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.
3) անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանց ընդունման ժամկետը, վայրը.
4) մրցույթի անցկացման ժամանակահատվածը և վայրը.
5) մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնողի գտնվելու վայրը և հեռախոսահամարը:
III. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
7. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին (այսուհետ՝ նախապատրաստական աշխատանքներ իրականացնող) ներկայացնում են օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերը:
8. Մրցույթին մասնակցելու հավակնություն ունեցող անձը կարող է ներկայացնել երաշխավորագրեր, որոնք, իր կարծիքով, կարող են նշանակություն ունենալ ընտրության գործընթացում:
9. Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ:
10. Նախապատրաստական աշխատանքներ իրականացնողը մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր անձի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը ներկայացնում է հանձնաժողովին:
11. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված փաստաթղթերը թերի լինելու դեպքում այդ մասին դիմումատուին տեղեկացվում է նույն պահին, իսկ դրա անհնարինության դեպքում` եռօրյա ժամկետում: Թերությունները կարող են վերացվել հայտերի ընդունման համար սահմանված ժամկետի ընթացքում:
IV. ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԸ
12. Բաց մրցույթը, կախված հավակնորդների թվաքանակից, կարող է անցկացվել մեկից ավելի օրերի ընթացքում: Այդ կապակցությամբ հավակնորդների հարցազրույցի օրերի, ժամերի և վայրի մասին ծանուցումն ապահովում է նախապատրաստական աշխատանքներ իրականացնողը՝ մրցույթից առնվազն 15 օր առաջ՝ հեռախոսով կամ կապի այլ միջոցով:
13. Բաց մրցույթն անցկացվում է հարցազրույցի եղանակով, բացառությամբ օրենքի 38-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի:
14. Հարցաշարը մրցույթի մասին հայտարարության հետ տեղադրվում է դատախազության կայքէջում:
15. Հանձնաժողովի նախագահը, մինչև մրցույթը սկսելը, լուծում է հանձնաժողովի իրավազորության հարցը` ստուգելով հանձնաժողովի անդամների ներկայությունը: Հանձնաժողովն իրավազոր է, եթե ներկա է հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդը:
16. Մինչև մրցույթի անցկացման սկիզբը գումարած նիստում հանձնաժողովը քննության է առնում ներկայացված փաստաթղթերը և կայացնում համապատասխան որոշում՝ մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու կամ մասնակցությունը չթույլատրելու մասին: Հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է մրցույթի մասնակիցների ցուցակը: Մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու կամ մասնակցությունը չթույլատրելու մասին հանձնաժողովի որոշումը հանձնվում է մրցույթի մասնակցին:
17. Հարցազրույցին մասնակցելու թույլտվություն չտալու որոշում կայացվում է, եթե հայտնաբերվել է փաuտաթղթային տվյալների անհամապատասխանություն, եթե առկա է դատախազի պաշտոնին նշանակվելուն խոչընդոտող՝ օրենքով նախատեսված փաստ, կամ, եթե հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերը լիարժեք չեն:
18. Հարցազրույցն անցկացնում է հանձնաժողովը՝ յուրաքանչյուր հավակնորդի հետ առանձին:
19. Հարցազրույցը հայտատուի մասնագիտական պատրաստվածության, գործնական հմտությունների, իր կարգավիճակին վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջներին տեղեկացվածության, նրա անձնական որակների և արժանիքների (ինքնատիրապետում, վարվեցողություն, ունկնդրելու կարողություն, հաղորդակցման հմտություններ, վերլուծական կարողություններ և այլն) հատկանիշների ստուգումն է, որը կատարվում է այդ նպատակով կազմված հարցաշարի հիման վրա տրված հարցերի միջոցով:
20. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցը ձայնագրվում և գրավոր արձանագրվում է: Արձանագրության տակ ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:
21. Հարցազրույցի ձայնագրությունը կցվում է արձանագրությանը:
22. Հարցազրույցի ձայնագրությունն ու գրավոր արձանագրությունն ունեն միևնույն իրավական ուժը, սակայն եթե ձայնագրությունը պատշաճ որակի չէ կամ տեխնիկական այլ խնդիրների պատճառով հնարավոր չէ այն վերարտադրել, ապա հիմք է ընդունվում գրավոր արձանագրությունը:
23. Հանձնաժողովի հարցադրումները պետք է ձևակերպվեն հստակ և հավակնորդի համար լինեն հասկանալի:
24. Հարցազրույցի ընթացքում հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ հավակնորդին կարող է տալ առավելագույնը երկու հարց, սակայն ընդհանուր հարցերի քանակը պետք է լինի առնվազն վեցը: Յուրաքանչյուր հարցից հետո հարց տվող հանձնաժողովի անդամը հայտարարում է պատաuխանի ճիշտ կամ uխալ, մասնակի ճիշտ կամ մասնակի uխալ լինելը, իuկ uխալ կամ մասնակի սխալ պատաuխանի դեպքում նշում է ճիշտ պատաuխանը:
25. Հարցին պատաuխանելու համար հավակնորդին ցանկության դեպքում տրվում է ողջամիտ ժամանակ՝ պատրաuտվելու համար:
26. Հանձնաժողովը որոշումները կայացնում է բաց քվեարկությամբ՝ նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված:
27. Քվեարկության արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի կողմից, ինչի մասին կազմվում է արձանագրություն:
28. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո, նույն օրը՝ անմիջապես:
29. Եթե մասնակիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքում չի հավաքել հանձնաժողովի՝ քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայները, ապա հանձնաժողովն ընդունում է մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին որոշում, որից հետո անցկացվում է նոր մրցույթ:
30. Անհրաժեշտության դեպքում, դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման համար լրացուցիչ բաց մրցույթ կարող է անցկացվել գլխավոր դատախազի հանձնարարությամբ:
V. ՓԱԿ ՄՐՑՈՒՅԹԸ
31. Դատախազների թեկնածությունների ցուցակում համալրում կատարելու համար գլխավոր դատախազի հանձնարարությամբ տարվա ընթացքում կարող է անցկացվել հավակնորդների փակ մրցույթ:
32. Փակ մրցույթի վերաբերյալ մամուլում և դատախազության կայքէջում հայտարարություն չի հրապարակվում, հավակնորդները մրցույթի մասին տեղեկանում են գրավոր կամ բանավոր հրավերների միջոցով:
33. Փակ մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձինք փաստաթղթեր ներկայացնելուց հետո գրավոր (այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով) ծանուցվում են մրցույթի օրվա, ժամի և վայրի մասին։
34. Դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող փակ մրցույթին մասնակցելու իրավունք ունեն.
1) դատախազի պաշտոնին նշանակվելու համար օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված պահանջները բավարարող, օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասում նշված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.
2) օրենքի 38-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով որակավորման հանձնաժողովի կողմից հայտի ընդունման մերժումը դատական կարգով բողոքարկած հավակնորդները, եթե հայտի ընդունումը դատարանի կողմից ճանաչվել է անօրինական և համապատասխան բաց մրցույթն ավարտվել է:
35. Այն դեպքերում, երբ հայտատուն իրավաբանական գիտությունների թեկնածու է կամ իրավաբանական գիտությունների դոկտոր և ունի գիտական գործունեության առնվազն չորս տարվա ստաժ, ապա հանձնաժողովը ստուգում է միայն հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը օրենքով նախատեսված պահանջներին, նրա անձնական որակները և արժանիքները՝ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ որակները գնահատելու համար (ինքնատիրապետում, վարվեցողություն, ունկնդրելու կարողություն, հաղորդակցման հմտություններ, վերլուծական կարողություններ, համապատասխան մասնագիտացման ոլորտում մեկ հակիրճ իրավական հարցի վերաբերյալ դիրքորոշման ներկայացում):
36. Դատախազների հավակնորդների փակ մրցույթի հրավիրման, անցկացման, հարցազրույցի, մրցույթի արդյունքների ամփոփման, որոշումների կայացման նկատմամբ տարածվում են բաց մրցույթի համար սահմանված կանոնները:
VI. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
37. Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների համար հանձնաժողովը կազմում է համապատասխան եզրակացություն, ինչը ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: Հանձնաժողովի անդամը հատուկ կարծիք ունենալու դեպքում գրավոր ներկայացնում է այն, որի մասին նշում է կատարվում նիստի արձանագրությունում՝ «հատուկ կարծիքը կցվում է» նշագրումով:
38. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո, նույն օրը՝ անմիջապես:
39. Այն հայտատուների թեկնածությունները, որոնց վերաբերյալ հանձնաժողովը տալիu է դրական եզրակացություն, հանձնաժողովի նախագահի կողմից ներկայացվում են գլխավոր դատախազին, որն իրավունք ունի ներկայացված հայտատուներին ընդգրկելու դատախազների թեկնածությունների ցուցակում: Ցուցակում հայտատուին չընդգրկելու վերաբերյալ գլխավոր դատախազը կայացնում է պատճառաբանված որոշում, որը հայտատուն կարող է բողոքարկել դատական կարգով:
VII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
40. Հանձնաժողովի որոշմամբ մրցույթին ներկա գտնվելու իրավունք ունեն մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև հրավիրված դիտորդներ:
41. Մրցույթի արդյունքները հրապարակվում են դատախազության կայքէջում:
Դատախազների թեկնածությունների ցուցակը, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն, կազմում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը:
Դատախազների թեկնածությունների ցուցակը համալրվում է տարին մեկ անգամ` որպես կանոն յուրաքանչյուր տարվա հունվար ամսին, գլխավոր դատախազի կողմից սահմանված կարգով անցկացվող բաց մրցույթի միջոցով: Գլխավոր դատախազի հանձնարարությամբ, դատախազների թեկնածությունների ցուցակում լրացումներ կատարելու համար, տարվա ընթացքում կարող է անցկացվել նաև հավակնորդների լրացուցիչ ստուգում:
Որակավորման հանձնաժողովը, դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով, հայտերի ընդունման մասին առնվազն մեկ ամիս առաջ հրապարակում է հայտարարություն:
Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվել հավակնող անձը պարտավոր է ներկայացնել.
1. անձը հաստատող փաստաթուղթ,
2. բարձրագույն իրավաբանական կրթությունը հաստատող փաստաթուղթ,
3. հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները),
4. արական սեռի հավակնորդները՝ պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հաստատող փաստաթուղթ,
5. դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին կառավարության կողմից սահմանված կարգով տրված փաստաթուղթ:
6. Հայտատուն իրավունք ունի ներկայացնել նաև երաշխավորագիր-նամակներ:
Որակավորման հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմից ստանում է դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների վերը նշված փաստաթղթերը:
Հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ օրենքով նախատեսված պահանջներին չբավարարող հայտերի ընդունումը մերժվում է, և դրանք ենթակա են վերադարձման որակավորման հանձնաժողովի կողմից՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Որակավորման հանձնաժողովի` հայտի ընդունումը մերժվելու մասին որոշումը հայտատուն կարող է դատական կարգով բողոքարկել մերժումը ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում: Դատարանը գործը քննում և լուծում է այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Որակավորման հանձնաժողովի կողմից հայտի ընդունման մերժումը դատական կարգով բողոքարկելը չի կասեցնում հայտերի ընդունման և դատախազների թեկնածությունների ցուցակի կազմման ընթացակարգը: Որակավորման հանձնաժողովի` հայտի ընդունման մերժումը դատարանի կողմից անօրինական ճանաչելու դեպքում հայտատուի հայտը ենթակա է քննարկման որակավորման հանձնաժողովի կողմից:
Հայտատուի ներկայացրած փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը ստուգելուց հետո՝ որակավորման հանձնաժողովը կայացնում է որոշում դիմած քաղաքացիներին մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու կամ չթույլատրելու մասին: Մրցույթն անցկացվում է հարցազրույցի միջոցով:
Յուրաքանչյուր դիմորդի հարցազրույցից անմիջապես հետո որակավորման հանձնաժողովը բաց քվեարկությամբ կայացնում է համապատասխան որոշում: Այն հայտատուների թեկնածությունները, որոնց վերաբերյալ որակավորման հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն, ներկայացվում են գլխավոր դատախազին՝ «Դատախազության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկելու համար:
Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը գլխավոր դատախազի սահմանած կարգով դատախազության դպրոցում ուսումնառության ծրագիր է անցնում և հանձնում որակավորման քննություն: Որակավորման քննություն չհանձնած անձը հանվում է դատախազների թեկնածությունների ցուցակից:
Անձն ազատվում է ուսումնառության դասընթացներից և որակավորման քննություն հանձնելուց, եթե`
1) ունի դատախազի, դատավորի, քննիչի պաշտոնում կամ փաստաբանի 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ, եթե չի անցել այդ պաշտոնը թողնելուց հետո 5 տարի.
2) իրավաբանական գիտությունների դոկտոր է.
3) իրավաբանական գիտությունների թեկնածու է, և ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի 5 տարվա ստաժ:
Դատախազության դպրոցում ուսումնառությունից ազատված անձի միջնորդությամբ որակավորման հանձնաժողովը կարող է քննության առնել հայտատուին միաժանակ դատախազների թեկնածությունների և ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու հարցը:
Դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակը ձեւավորվում է որակավորման հանձնաժողովի կողմից՝ դատախազների հերթական ատեստացիայի ժամանակ: