Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ դատախազություն

Լաբորատորիայի մասին

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարմիր ժապավենի կտրման արարողությամբ պաշտոնապես ազդարարեցին Գլխավոր դատախազության վարչական շենքում ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման՝ Իրավաբանական լաբորատորիայի բացումը:

Լաբորատորիայի նպատակներն ու գործառույթները

Լաբորատորիան կծառայի որպես տեսական գիտելիքի և պրակտիկ աշխատանքի «հանդիպման վայր»՝ ապահովելով.

  • Ոչ ֆորմալ կրթություն. Սեմինարների, գիտաժողովների և իրավական արդի հարցերի քննարկումների կազմակերպում:
  • Պրակտիկ հմտությունների զարգացում. Գործնական աշխատանքներ, վարպետաց դասեր և անմիջական շփում գործող դատախազների հետ:
  • Գիտահետազոտական աշխատանք. Իրավական խնդիրների խորքային հետազոտությունների իրականացում բարձր կուրսերի ուսանողների կողմից:
  • Միջազգային համագործակցություն. Փորձի փոխանակում սփյուռքում գործունեություն ծավալող տաղանդավոր հայազգի իրավաբանների և փաստաբանների հետ:

Մեջբերումներ

Աննա Վարդապետյան, ՀՀ գլխավոր դատախազ

«Մենք ստեղծել ենք մի հարթակ, որտեղ հատկապես բարձր կուրսերի ուսանողները կկարողանան իրենց տեսական գիտելիքները կատարելագործել, շփվել դատախազների հետ, մասնակցել վարպետաց դասերի: Դատախազությունը ձգտում է իր դռները բացել լավագույնների համար: Մենք մեկ չափանիշ ունենք՝ ընտրել լավագույններին, ընտրել բարեվարքներին»

Հովհաննես Հովհաննիսյան, ԵՊՀ ռեկտոր

«Միայն տեսական և պրակտիկ գիտելիքի համադրումը կարող է արդյունք տալ: Սա բոլորովին այլ մոտեցում է, երբ ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումը հենց Գլխավոր դատախազությունում է, և ուսանողները հնարավորություն են ունենալու շփվելու դատախազների հետ»

Քրիս Պարնագիան, «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության ներկայացուցիչ

«Միությունը հպարտ է համագործակցել և աջակցել այս նախագծի իրականացմանը։ Մեր շարքերում կան բազմաթիվ տաղանդավոր քրեական և այլ ոլորտների փաստաբաններ, որոնք պատրաստ են և կարող են սերտորեն համագործակցել Լաբորատորիայի հետ»

Գործընկերներ
  • ԵՊՀ, Գլխավոր դատախազություն
  • «Հայ իրավաբանական միություն»