Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ դատախազություն
Հաղորդագրություններ

Կոտայքի մարզի դատախազները 2023 թվականին 803 գործ են ուղարկել դատարան՝ 3,5 անգամ ավելի քան 2022 թվականին. Աննա Վարդապետյանին են ներկայացվել Կոտայքի մարզի դատախազության գործունեության արդյունքները

փետրվարի 13, 2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 12-ին աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզի դատախազություն՝ ամփոփելու մարզի դատախազության կատարած աշխատանքները:

 

Քննարկմանը մասնակցել են Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության ոստիկանության մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները:

 

Մարզի դատախազ Սևակ Պողոսյանը ներկայացրել է 2023 թվականի ընթացքում Կոտայքի մարզի դատախազության կատարած աշխատանքները. զեկույցում ներառվել են տվյալներ՝ հանցավորության վիճակի, հանցագործությունների բացահայտման, նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության, դատարանում մեղադրանքի պաշտպանության, պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին վերաբերյալ:

 

Հանցավորության վիճակին անդրադառնալով՝ մարզի դատախազը նշել է, որ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների համաձայն՝ 2023 թվականի ընթացքում Կոտայքի մարզում արձանագրվել է հանցագործությունների 3102 դեպք (2022 թվականին՝ 2519 դեպք): Հանցագործության դեպքերն աճել են 583-ով կամ 23,1%-ով. բացահայտման ցուցանիշը նվազել է՝ 29,2%՝ 2022 թվականի 47,1%-ի դիմաց:

 

Հաշվետու ժամանակաշրջանում արձանագրվել է առանձնապես ծանր հանցանքների 42 դեպք (2022 թվականին՝ 29). դեպքերն աճել են 13-ով կամ 44,8%-ով, բացահայտման ցուցանիշը նվազել է՝ կազմելով 38,3%՝ 2022 թվականի 54,8%-ի դիմաց:

 

Անդրադառնալով սպանությունների, սպանության փորձերի և ավազակային հարձակումների դեպքերին՝ մարզի դատախազը հայտնել է, որ 2023 թվականին արձանագրվել է ավազակային հարձակման 9 դեպք՝ նախորդ տարվա 6-ի դիմաց, այսինքն 3 դեպքով կամ 50 %-ով ավելի: Բացահայտման ցուցանիշը կազմել է 11,1%՝ 2022 թվականի 100%-ի դիմաց:

 

Սպանության (առանց հանկարծամահության) դեպքերը նվազել են 1-ով՝ կազմելով 8 (2022 թվականին՝ 9): Բացահայտման ցուցանիշը կազմել է 50%՝ 2022 թվականի 88,9%-ի դիմաց:

 

2023 թվականին նվազել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները. 2023 թվականին արձանագրվել է 63 դեպք (2022 թվականին՝ 92):

 

Նվազել են բնակարանային գողության դեպքերը. մասնավորապես՝ 2023 թվականին արձանագրվել է բնակարային գողության 105 դեպք՝ 2022 թվականին արձանագրված 128-ի դիմաց:

 

Կոռուպցիոն հանցագործու­թյունների վերաբերյալ հաղորդումներով հաշվետու ժամանակահատվածում նախաձեռնվել է 17 վարույթ (2022 թվականին՝ 13): Դեպքերը վերաբերում են կրթության, առողջապահության ոլորտներին և տեղական ինքնակառավարման մարմիններին. քրեական վարույթներով պատճառված վնասը կազմել է 17 մլն 883 հազար դրամ, որից վերականգնվել է 14 մլն 810 հազար դրամը:

 

2023 թվականի ընթացքում Կոտայքի մարզի դատախազության դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 803 վարույթ՝ 844 անձի վերաբերյալ (2022 թվականին՝ 237 վարույթ՝ 260 անձի վերաբերյալ):

 

2023 թվականի ընթացքում 40 անձի վերաբերյալ դատարաններում ավարտված 40 քրեական գործով կիրառվել է համաձայնեցման վարույթ:

 

Կոտայքի մարզի դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում հարուցված հայցերով դատարանի վարույթում 2023 թվականին քննվել և քննվում են 13 հայցադիմումներ՝ 114 մլն 797 հազար դրամի և 33 հազար 145 ԱՄՆ դոլարի չափով հայցապահանջով:

 

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանձնարարել է պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում ուշադրության կենտրոնում պահել մանկապարտեզների, ընդհանուր օգտագործման տարածքների, ջրավազանների, անտառային տարածքների և Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով՝ օտարման ոչ ենթական տարածքների վերաբերյալ ուսումնասիրությունները:

 

Անդրադառնալով 8 ամսից ավելի տևող վարույթներին՝ ՀՀ գլխավոր դատախազն առանձնացրել է հատկապես կոռուպցիոն հանցագործություններին վերաբերող վարույթները, քննարկվել են դրանց շրջանակում փողերի լվացման դեպքերը: Շեշտադրվել է կոռուպցիոն վարույթներին զուգահեռ՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու անհրաժեշտությունը: