Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ դատախազություն
Հաղորդագրություններ

Ա.Հովսեփյան. «Ընտրությունների օրինականության ապահովման գործում իր առանցքային դերն ունի իրավապահ համակարգը»

մարտի 23, 2011

ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ այսօր  «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ համաժողով ազատ և արդարացի ընտրություններին առնչվող հարցերի շուրջ: Համաժողովը կազմակերպվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ` Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից:

Համաժողովի նպատակն է հանրությանը պարզաբանել և իրազեկել ազատ, արդարացի և արժանահավատ ընտրությունների անցկացման հարցում իրավապահ մարմինների ունեցած պարտավորությունների մասին: Համաժողովում բացման խոսքով հանդես եկան  ՀՀ Վարչապետ Տ.Սարգսյանը,  Գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը:

«Ընտրությունների օրինականության ապահովման գործում իր առանցքային դերն ունի իրավապահ համակարգը՝ ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի օրենսդրական երաշխիքների կիրառմամբ, ընտրախախտումների բացահայտմամբ եւ մեղավորներին օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելով: Հանցավորության դեմ պայքարի արդյունավետության գրավականը նախեւառաջ կանխարգելիչ միջոցառումներն են եւ այս կոնֆերանսը կարեւորում ենք հենց այդ համատեքստում, որը կոչված է տեղեկացնելու հանրությանը  ընտրախախտումների համար քրեական օրենսգրքով նախատեսված  պատասխանատվության և պատժամիջոցների մասին»,- ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Նրա ներկայացմամբ՝ իրավապահ մարմինների խնդիրն է  նախ կանխարգելել ընտրական իրավունքի դեմ ոտնձգությունները, երկրորդ՝ խախտումներ արձանագրվելու դեպքում` հետեւողական լինել համարժեք քրեաիրավական գնահատական տալու հարցում: «Քաղաքացին պետք է վստահ լինի, որ հանցագործության մասին իր ահազանգը, պատշաճ քննության առարկա կդառնա»: Արձանագրելով, որ նախորդ տարիներին ձեւավորվել է դրական փորձ՝ ընտրախախտումերի վերաբերյալ հաղորդումների օպերատիվ արձագանքման՝ ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ այս տարվա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արդեն իսկ իր հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման եւ քննարկման նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելու համար: Աշխատանքային խումբը ոչ միայն հսկողություն է իրականացնելու գրավոր ստացված հաղորդումների պատշաճ գրանցման ու քննարկման նկատմամբ,  այլ նաեւ իրականացնելու է լրատվամիջոցների մշտադիտարկում՝ քննարկման առարկա դարձնելով  ընտրախախտումների վերաբերյալ կոնկրետ տեղեկություններ պարունակող  մամուլի հրապարակումները:

Իր խոսքում դեսպան Հեֆերնը կոչ արեց հետաքննել ընտրախախտումների բոլոր դեպքերը. «Մենք ողջունում ենք իշխանությունների հայտարարություններն ազատ, արդարացի և արժանահավատ ընտրությունների կարևորության վերաբերյալ և նրանց խոստումները ընտրախախտումները հետաքննելու և մեղավորներին պատժելու  վերաբերյալ:  Կարևորն իրականացումն է և այստեղ իրավապահ մարմինները շատ կարևոր դերակատարում ունեն»:

Դեսպան Հեֆերնը նաև շեշտադրեց ընտրությունների դիտարկման հարցերում քաղաքացիական հասարակության ջանքերի կարևորությունը և կոչ արեց տեղական կազմակերպություններին աշխատել միասին` ապահովելու իշխանությունների հաշվետվողականությունը:

Համաժողովի ընթացքում նաև անցկացվեցին քննարկումներ իրավապահ կառույցների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև: Առաջին քննարկումը վարում էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Կարել Հոֆսթրան և անդրադարձ կատարվեց ընտրախախտումներին առնչվող հարցերում պետական կառույցների ունեցած դերակատարմանն ու պարտավորություններին: Երկրորդ քննարկումը վարում էր Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) ներկայացուցիչը, որին  մասնակցում էին ներկայացուցիչներ իրավապահ կառույցներից, քաղաքացիական հասարակությունից, լրատվամիջոցներից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: Երկու քննարկումներն էլ ավարտվեցին հարց ու պատասխանով:

Դեսպանը նաև նշեց, որ դեսպանատունը աջակցում է  այս համաժողովի անցկացմանը, քանի որ այս միջոցառումն իրազեկում է հասարակությանը իրավապահ մարմինների պարտավորությունների մասին ըստ նոր ընտրական օրենսգրքի և քանի որ սա բաց և թափանցիկ երկխոսության հնարավորություն էր քաղաքացիական հասարակության ու իրավապահ կառույցների ներկայացուցիչների համար:  ՀՀ գլխավոր դատախազը կարեւորեց ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ոչ միայն պատշաճ գրանցումն ու քննարկումը, այլ նաեւ  այդ գործընթացի հրապարակայնությունը եւ վստահեցրեց, որ հանրությունը հնարավորություն է ունենալու տեղեկանալ ոչ միայն ահազանգերի բովանդակության, այլ նաեւ դրանք ստուգելու ընթացքի, արդյունքների եւ տրված իրավական գնահատականի մասին: 

 

Ա.Հովսեփյանի ելույթը. «Ընտրությունների օրինականության ապահովման գործում իր առանցքային դերն ունի իրավապահ համակարգը»

ՀՀ գլխավոր դատախազի հրամանը` աշխատանքային խումբ ստեղծելու մասին